Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվեցին վարպետության դասեր` ֆլամանդացի նկարազարդող Կլաաս Վերպլանկի մասնակցությամբ` «Յամադա» հիմնադրամի «Յամադա ֆաունդ-2015» դրամաշնորհային ծրագրի` «Պատանիները և շրջակա միջավայրը» խորագրով մրցույթի շրջանակում: Դասընթացին մասնակցում են մրցույթի նախընտրական փուլը հաղթահարած նկարազարդողները: Ավելի վաղ` մանկապատանեկան գրականության ոլորտում ստեղծագործողների շրջանում անցկացվել էր «Պատանիները և շրջակա միջավայրը» խորագրով եռօրյա վարպետության դասեր, որի մասնակից գրողներն առաջիկայում կներկայացնեն իրենց ստեղծագործությունները: Դրանք կձևավորվեն Կլաաս Վերպլանկի վարպետության դասերի մասնակից նկարազարդողների կողմից և կհրատարակվեն առանձին գրքով:
Մրցույթի կազմակերպիչներն են Մանկապատանեկան գրքի միջազգային խորհրդի հայաստանյան կոմիտեն, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամը:
Կլաաս Վերպլանկը նկարազարդում է գրքեր, նրա աշխատանքները հրապարակվել են «Նյու Յորք Թայմս», «Դե Ստանդարտ», «Հյումո» և այլ հեղինակավոր ամսագրերում: Կլաաս Վերպլանկը ֆլամանդական նկարազարդողների ակումբի հիմնադիր անդամ է: Նա արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, պատվոգրերի և մեդալների, այդ թվում՝ «Հանս Քրիստիան Անդերսեն» մեդալի, Բոլոնիայի Ռագազի հատուկ մրցանակի, ներկայացվել է Աստրիդ Լինդգրենի մրցանակաբաշխությանը, ընդգրկվել Մանկապատանեկան գրքի միջազգային խորհրդի (IBBY) «Պատվո ցուցակում» :